ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լիճքը հարուստ բնաշխարհ ունի:Լայնատարած ծաղկավետ հովիտները, կուսական անտառները, բարեբեր դաշտերը, գահավիժող ջրառատ գետերը, բազմաթիվ ու բազմատեսակ քաղցրահամ սառնորակ աղբյուրները միաձուլվել ու մի յուրահատուկ երանելի անկյուն են ստեղծել մարդկանց բնակության համար:Մարդիկ այստեղ բնակվել են անհիշելի ժամանակներից: Լիճքեցին, որ բնիկ գողթանցի է արյունով ու ավյունով, չի դավաճանել հայոց 1-ին ուսուցչին ՝ սուրբ Մաշտոցին, որ հավանական է տառերի տոպրակը շալակին Էջմիածնից դուրս գալուց առաջ ասել է <<Ես գիտեմ գողթանն ու գողթանցուն, ես գիտեմ նրանց երգն ու վերքը, հոգին ու ոգին:Ես գիտեմ նրանց նվիրվածությունը բռնած գործի նկատմամբ: Առաջի շալակը նրանց կնվիրեմ և ձեռնունայն չեմ վերադառնա…>>:

20-ական թվականների երկրորդ կեսին հիմնվում է 7-ամյա դպրոցը:Սովորելու են գալիս հարևան գյուղերի տարրական կրթություն ստացած պատանիները:

Դպրոցի տնօրեն է նշանակվում մեծ եղեռնից մազապուրծ ճողոպրած, Վանի Կենտրոնական վարժարանն ավարտած Գրիգոր Միհրանի Մահլեբաշյանը: Իր ողջ կյանքը նվիրեց մանուկ սերնդի կրթության և դաստիարակության գործին:

1930-ական թվականների երկրորդ կեսին դպրոցը վեր է ածվում միջնակարգի:Այն դառնում է ենթաշրջանի հենակետային դպրոց: Դպրոց սովորելու են գալիս ինչպես Տաշտունի և Կալերի 7-ամյա դպրոցների շրջանավարտները, այնպես էլ Վանքի և Արևիկի տարրական դպրոցների շրջանավարտները: ՈՒսուցչական կոլեկտիվը համալրվում է բարձրագույն կրթություն ստացած տասնյակ ուսուցիչներով:

Ծնունդով Մեղրու շրջանի Կալեր գյուղից, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը  հյուրընկալվում է Լիճքում:Հանդիպում է ուսուցիչների հետ, խորհուրդներ տալիս, պատվերներ առնում: Գյուղում հայտնի վարպետ Սողոմոն Բարխուդարյանը խնդրանքով դիմում է Կարապետ Մելիք-Օհանջանյանին, որ դպրոցի տեղը նեղ է և մի դասասենյակ էլ իրեն է անհրաժեշտ:

Մեկ ամիս անց դպրոցի տնօրեն Գրիգոր Մահլեբաշյանը Մեղրու լուսբաժվար Հակոբ Նալբանդյանից մի գրություն է ստանում՝ հին դպրոցին կից մեկ դասարան կառուցելու թույլտվության վերաբերյալ…

Կարճ ժամանակում կառուցվում է կից դասասենյակը: Բայց նորից, նորից դասասենյակների պակաս: Արդեն դպրոցում գործում էին գրադարանը, լաբորատորիաները, արհեստանոցը: Չկար ուսուցչանոց, տնօրենի առանձնասենյակ: Կարիք էր զգացվում դպրոցական նոր շենքի:

Լիճքեցիների բողոքը տեղ է հասնում: Լոսավորության ժողովրդական կոմիսարիատը երկու դպրոցական շենքի նախագիծ է ուղարկում Մեղրի: Մեկը՝ տարրական Նյուվադի գյուղի, իսկ մյուսը՝ միջնակարգ, Լիճքի համար:

Դպրոցական շենքի շինարարության համար Լիճք է գալիս ինժեներ Հրանտը: Գյուղի ամենահարթ ու հարմար տեղը հատկացվում է շինարարությանը: Կառույցը համագյուղական է համարվում, ոգևորությունը՝ համընդհանուր:

Թվում էր, թե ուսումնական գործը հունի մեջ ընկավ: Բայց սկսվեց համաշխարհային երկրորդ պատերազմը: Փակվեցին դպրոցի բարձր դասարանները: Նույնիսկ ռազմաճակատ գնաց 17 տարին չլրացած պատանին:

Տղամարդ ուսուցիչները գնացին կարծես այլևս չդառնալու պայմանով:Երբեմնի աշխույժ դպրոցը վերածվեց մի յուրահատուկ որբանոցի:

1970-72 թվականներին գյուղի վերևում գրեթե Լիճքի և Տաշտունի ճանապարհների մեջտեղում կառուցվում է երկհարկանի տիպային շենք, իր սպորտդահլիճով և կինոցուցադրման դահլիճով: Դպրոցը կառուցվում է այդ վայրում նպատակ ունենալով ստեղծել Լիճքի և Տաշտունի միացյալ դպրոց: 1972 թվականին գերագույն խորհրդի որոշմամբ դպրոցը անվանվում է ակադեմիկոս Կ. Մելիք-Օհանջանյանի անվամբ:

Հայաստանի անկախության հռչակումից հետո բանակի ստեղծման հարց առաջացավ, Լիճքի դպրոցը ունենալով լավ դիրք և շենքային  պայմաններ, 1992թ. հունիսին հանձնեցին պաշտպանության նախարարությանը:Որպես դպրոցի շենք տրամադրվեց գյուղի սովխոզի գրասենյակի շենքը, որի պայմանները շատ փոքր էին դպրոցի պահանջները բավարարելու համար:

2007թ.-ին սոցներդրումների հիմնադրամի միջոցներով կառուցվեց դպրոցի նոր շենք 50 աշակերտի համար:

Դպրոցի տնօրեններ են աշխատել.

1.Գրիգոր Միհրանի Մահլեբաշյանը

2.Բագրատ Մինասի Հայրապետյանը

3.Սիմոն Հովհաննեսի Սարգսյանը

4.Ռուդիկ Բագրատի Հայրապետյանը

5.Ներսես Արտուշի Մուրադյանը

6.Էսման Շմավոնի Պողոսյանը:

ԴՊՐՈՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դպրոցը <<Կենգուրու>> և <<Մեղու>> մրցույթներին ամեն տարի ցուցաբերում է 100% մասնակցությաուն: 2009թ.-ին ստացել է մրցանակ՝ ՄԱՐԶՈՒՄ <<ԿԵՆԳՈՒՐՈՒ-2009>> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԴՊՐՈՑԻՆ՝ 50.000 (հիսուն հազար) դրամ:

Ակտիվ մասնակցություն ունի<< Նոր սերնդի դպրոց>> մրցույթում:

2014թ.-ին արժանացել է <<Փոքրիկ գրադարան >> մրցանակի: Յուրաքանչյուր տարի մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար արժանացել է պատվոգրերի: